ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
«Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն առաջին հայկական հետմասնագիտական կրթական ծրագիրն է, որն ուղղված է հետկոնֆլիկտային և մեծահասակների վերականգնողական ծառայություններին՝ նպատակ ունենալով զարգացնել ոլորտը, բարելավել ծառայությունների որակը՝ շարունակական խնամքի ողջ ընթացքում և աջակցել տեղի մասնագետներին և դասախոսներին՝ վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:
ՀՈԿՏԵՄԲԵՐ, 10, 2022
Հոկտեմբերի 10-ին մեկնարկեց «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» (ՎԲՄՎ) ծրագիրը։ Վերջինս իրականացնում են ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համար», Polaris EduCorp և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը, որի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը ու Արման Ոսկերչյանը։

Ծրագրի բացման արարողության ընթացքում համահինադիր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունեցին ծրագրի առաջին մասնակիցներին և նշեցին ծրագրի բացառիկ կարևորության մասին։

«Նախագծի գաղափարը ծնվել է երկու տարի առաջ, երբ գործընկերների հետ միասին իրականացնում էինք Հայաստանում վերականգնողական համակարգի գնահատումը, — պատմեց ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հոգեբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, — Գնահատման արդյունքում առանձնացվել է վերականգնողական մասնագետների մասնագիտական հմտությունները զարգացնելու և կազմակերպչական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ վերականգնողական ոլորտում ավելի լավ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»։

Ծրագրի այս փուլում վերապատրաստում կանցնեն 30 մասնագետներ, 26-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից։

«Վերականգնողական բժշկության միջմասնագիական վերապատրաստում (ՎԲՄՎ) ծրագիրը 2 տարվա քրտնաջան աշխատանքի, նվիրման և Սփյուռքի և տեղացի մասնագետների համագործակցության արդյունքն է», - նշեց «Թերապիստները Հայաստանի համար» կազմակերպության հիմնադիր և նախագահ Արմինե Բաբիկյանը։

10 ամիս տևողությամբ հետբուհական վերապատրաստումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով, միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից։

Ծրագրում ընդգրկված են ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում, ռեաբիլիտացիան սուր շրջանում, նեյրոռեաբիլիտացիա, այրվածքներ և վերքերի խնամք, օրթոպեդիա, ցավի գիտություն և հոգեկան առողջություն և այլ արդիական թեմաներ։

«ՎԲՄՎ-ն այն լուծումն էր, որի մասին մենք միասին երազում էինք: Ծրագիր, որը ձգտում է լուծել վերականգնողական մասնագետների կարողությունների սահմանափակումները, որոնք բացահայտվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, - պատմեց Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Թավուկջյանը, - ՎԲՄՎ-ի առաջին նպատակն է զարգացնել Հայաստանում և Արցախում ապրող և աշխատող ֆիզիոլոգների, ֆիզիոթերապևտների, օկուպացիոն թերապևտների և խոսքի պաթոլոգների կլինիկական կարողությունները: Երկրորդ նպատակն է ստեղծել ուժեղ և նպատակաուղղված կրթական ղեկավար թիմ, որը կնպաստի վերականգնողական ոլորտի զարգացմանը Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերում»։

Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda