Փոխըմբռնման հուշագիր
ՀԵՆԱՐ Բարեգործական Հիմնադրամի և ՀՀ Առողջապահութան ազգային ինստիտուտի միջև հունիսի 27-ին ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
ՀՈՒՆԻՍ, 27, 2022
ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև հունիսի 27-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկարաժամկետ համագործակցություն հաստատել առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման և զարգացման ծրագրերի նախագծման և իրականացման, կլինիկական պրակտիկայի ընտրված ոլորտների ուղեցույցների և առաջարկությունների մշակման համար, ինչպես նաև համագործակցել հետազոտական ծրագրերի իրականացմանը:

«ՀԵՆԱՐ հիմնադրամը շատ բարձր է գնահատում Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությունը, - նշել է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը,- Մենք նպատակ ունենք համագործակցություն հաստատել կրթության, մասնագիտական զարգացման և հետազոտական ոլորտներում: Վստահ ենք այս ոլորտների կարևորության և մեր աշխատանքի փոխադարձ արդյունավետության մեջ»:

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021թ.-ի վերջին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի բարեփոխմանը նպաստելու նպատակով։ Վերջին ամիսների ընթացքում ՀԵՆԱՐ-ը հաջողությամբ համագործակցում է ԱՆ-ի հետ՝ անդամակցելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:

ՀԵՆԱՐ հարթակի նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին՝ խթանելով Հայաստանում առողջապահության ոլորտի վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները։ Առաջնահերթ են կայուն զարգացման ծրագրերը, որոնք ի զորու են հանգեցնելու համակարգային փոփոխությունների, ինչպես նաև՝ այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են և պետք է խարսխվեն պետության և մասնավոր հատվածի միջև գործակցության վրա:

Առողջապահության ոլորտի դինամիկ վերափոխման առաջնահերթություններից ելնելով, ՀԵՆԱՐ հիմնադրամը կենտրոնանում է մասնավորապես առաջնային խնամքի ոլորտում բարեփոխման, մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման վրա։
Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda