Հուլիսի 6-ին կայացավ ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ միջոցառումը՝ «Տվյալների վրա հիմնված կենսագիտություն» թեմայով զրույցը։
Զրույցի շրջանակում դոկտոր Աֆեյանն ու դոկտոր Մարկիդեսը քննարկեցին տվյալների վրա հիմնված գիտությանը, կենսագիտությանը, առողջապահական նպատակներով տվյալների օգտագործմանն ու ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր։
Նուբար Աֆեյանն ու Կարին Մարկիդեսը հավաքվածների ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ այսօրվա առողջապահությունը կենտրոնացած է ոչ թե կանխարգելիչ միջոցառումների, այլ արդեն իսկ առկա հիվանդությունների բուժման վրա։
Առողջապահական ոլորտի կարևոր բարեփոխումների համար անհրաժեշտ է վերանայել այսօր գոյություն ունեցող բազմաթիվ մոտեցումները։
«Անհրաժեշտ են փոփոխություններ կարգավորող ոլորտում։ Անհրաժեշտ են փոփոխություններ պետությունների քաղաքականություններում։ Հանրային առողջությունը եղել է այն փոքրիկ ֆորպոստը, որին թույլատրվել է աշխատել մարդկային հիվանդությունների հետ: Հանրային առողջության ոլորտը մշտապես եղել է թերֆինանսավորված և անտեսված, ինչի համար մենք վճարեցինք չափազանց թանկ գին՝ COVID-19-ի ժամանակ, — նշեց դոկտոր Աֆեյանը։ — Եթե մեզ հաջողվի կատարել այս բոլոր բարեփոխումներն, ապա ոլորտն իսկապես հնարավոր կլինի անվանել առողջապահություն՝ առողջության պահպանություն, «healthcare»։ Իսկ այս պահին մենք խնամում ենք արդեն իսկ հիվանդ մարդկանց, զբաղվում ենք «sickcare»-ով»։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Արման Ոսկերչյանը։
«ՀԵՆԱՐ հիմնադրամի համար այսպիսի միջոցառումները շատ լավ հարթակ են՝ արդիական հարցերը բարձրաձայնելու համար, — նշեց Արման Ոսկերչյանը լրագրողների հետ զրույցում ։ — Միջազգային առաջատար փորձագետների և գիտնականների հետ քննարկումների շնորհիվ, միավորելով պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին՝ մենք պետք է ուղիներ գտնենք առողջապահական համակարգն ավելի կայուն և արդյունավետ դարձնելու համար, որն իր հերթին կնպաստի մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։
«Տվյալների վրա հիմնված կենսագիտություն» թեմայով զրույցը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Հանդիպման ուղիղ եթերի ձայնագրությունը կարելի է գտնել
համալսարանի յութուբյան ալիքում: